Ֆրանսիական Ladaniva խումբն արդեն Երեւանում է. Ժակլին Բաղդասարյանին, Լուի Թոմասին ու խմբի մյուս անդամներին օդանավակայանում դիմավորել են Lada Niva մակնիշիկի ավտոմեքենայով: «Մի քիչ հուզված ենք, չէինք սպասում այդքան հետաքրքրություն մեր նկատմամբ»,- այսօր` մայիսի 28-ին, կայացած մամուլի ասուլիսին նշեց Ժակլինը, իսկ Լուին լրագրողներին ողջունեց հայերեն` «Բարեւ ձեզ»-ով ու խոստովանեց`Երեւանն ու հայերեն տառերն իրեն անչափ դուր են եկել.
«Օդանավակյանից սկսած շատ հուզիչ էր ջերմ ընդունելությունը: Ինձ նաեւ անչափ դուր է եկել Երեւանի ճարտարապետությունը, հատկապես` վարդագույն տուֆից կառուցված տները, իսկ հայերեն տառերը շատ հետաքրքիր են»:
Երգչուհին վերջին անգամ Երեւանում եղել էր 6 տարի առաջ. ասում է` քաղաքի տրամադրության փոփոխությունը նկատելի է:
«Իհարկե, հիմա դժվար ժամանակներ են, ու զգացվում է քաղաքի լարվածությունը: Ասես, նորից բացահայտեմ Հայաստանը: Երբ նախորդ անգամ այստեղ էի, ավելի շատ ժամանակ անցկանում էի Եղեգնաձորում, հիմա կփորձենք Երեւանն ավելի շատ բացահայտել»:
Ժակլինը նաեւ նպատակ ունի Lada Niva-ով ճամփորդել հայրենիքով, բայց խումբը Հայաստանում է ընդամենը 4 օրով` վստահ չէ, որ կհաջողվի իրականացնել իր այդ ցանկությունը:
ուին ու Ժակլինը հավելեցին, ծրագրում են Հայաստանի բնությունը ներկայացնել իրենց տեսահոլովակներից որեւիցե մեկում, բայց չեն կարծում, որ այս այցի ընթացքում կհասցնեն, քանի որ ակտիվորեն զբաղված են վաղը` մայիսի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք իրենց առաջին երեւանյան մենահամերգին:
«Համերգին կհնչեն ինչպես հին, այնպես էլ` նոր երգեր, այնպես որ` սպասում ենք նորություններով»,- հավելեց Ժակլինը:
Երգչուհին խոսեց նաեւ խմբի առաջիկա ծրագրերի մասին, որոնցից առաջնայինը ճամփորդություններն են, որոնք, իր խոսքով, օգնում են բացահայտել նոր մշակույթներ.
«Կյանքումս անընդհատ լինում են ցանկություններ, որոնք ուզում եմ կատարել, ու իրականացնում եմ դրանք. փոքր քայլերով գնում եմ դրանց ընդառաջ»,- նշեց նա:
Հանդիպման ավարտին երգչուհին լրագրողների համար կատարեց գուսան Շերամի «Պարտեզում» ստեղծագործությունից փոքրիկ հատված:
Նյութը՝ News.am