Հարբուխը երեխաների շրջանում ամենատարածված հիվանդություններից է, սակայն հաճախ ծնողները չափազանց ակտիվ են դրա դեմ պայքարում, ինչը հանգեցնում է հակառակ արդյունքի: Մանկաբույժ Եվգենի Տիմակովը ներկայացրել է, թե ինչ է հարկավոր անել այս խնդրի դեպքում և բուժման որ մեթոդներից է հարկավոր խուսափել:
Մասնագետի խոսքով՝ բնական է, որ օրվա ընթացքում օրգանիզմն ազատվում է այն լորձից, որը կուտակվում է գիշերվա ընթացքում: Սա բակտերիաների ու վիրուսների դեմ պաշտպանական մեխանիզմներից մեկն է:
«Այդ լորձն օրգանիզմի պաշտպանական մեխանիզմն է տարատեսակ վիրուսներից ու օդում գտնվող մասնիկներից: Երբ վարակը հայտնվում է օրգանիզմում, ավելի շատ լորձ է արտազատվում, և հաճախ ծնողները սխալ միջոցներ են ձեռնարկում, ինչը բարդացնում է իրավիճակը»,- նշել է մանկաբույժը և ներկայացրել, թե ինչ է հարկավոր անել հարբուխի դեպքում և ինչից է պետք խուսափել:
Մասնագետն ընդգծում է, որ շատ հաճախ ծնողների առաջին սխալը հիվանդի սենյակում պատուհանները փակելն ու օդի չորությունն ապահովելն է, քանի որ այդ դեպքում լորձաթաղանթները չորանում են և օրգանիզմն ավելի խոցելի է դառնում:
Բացի այդ, չի կարելի նաև.
- տաքացնել երեխայի քիթը հիվանդության առաջին ախտանշանների դեպքում, քանի որ դա նպաստում է այտուցվածությանն ու արգելակում է լորձի հոսքը,
- կիրառել եթերայուղերով քթի կաթիլներ, քանի որ եթերայուղերը կարող են վտանգավոր լինել երեխաների համար,
- հաճախ օգտագործել անոթները նեղացնող կաթիլներ, քանի որ դրանք կախվածություն են առաջացնում,
- սխտորի հյութ օգտագործել քթի կաթիլների փոխարեն, քանի որ այն կարող է այրել լորձաթաղանթը:
Ինչ է հարկավոր անել.
- հաճախ օդափոխել սենյակն ու հետևել օդի խոնավությանը,
- աղաջրով քթի խոռոչի լվացումներ անել,
- բժշկի նշանակմամբ անոթները նեղացնող կաթիլներ օգտագործել՝ հետևելով բոլոր ցուցումներին,
- դիմել մասնագետին, եթե լորձը ձեռք է բերել կանաչ երանգ, քանի որ այս ախտանշանը հուշում է բակտերիալ վարակի մասին:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru