Վագինիզմը մեր երկրում ամենահաճախ հանդիպող կանանց սեռական խանգարումներից մեկն է։ Դա հեշտոցի արտաքին մեկ երրորդականի մկանների ակամա կծկումն է, որը բերում է սեռական ակտի անհնարինությանը։
Սեռական անդամի ներհրման բազմաթիվ փորձերը ավարտվում են ապարդյուն, և կինը շարունակում է մնալ կույս` խուսափելով իսկ երբեմն էլ սարսափելով սեռական հարաբերություններից։ Վագինիզմի դեպքում բացառում ենք օրգանական խնդիրները։ Վագինիզմը ունի հոգեբանական ծագում։ Պատճառներից ամենակարևորը վախերի առկայությունն է կուսազրկումից, կամ առհասարակ սեռական հարաբերությունից։ Երբեմն վագինիզմի զարգացման հիմքում ընկած է անհաղթահարելի վախի զգացումը՝ վախ սեռական ակտից կամ դեֆլորացիայից (կուսաթաղանթի պատռում): Սրվում է անմիջապես սեռական ակտի փորձի ժամանակ` առաջացնելով ակամա կծկումներ, ինչն էլ անհնարին է դարձնում բուն ակտը: Իսկ վախի հիմքում ընկած է սեռական ոլորտում սխալ տեղեկացվածությունը կամ ընդհանրապես անտեղյակությունը:
Ինչը կարող է նպաստել վագինիզմի առաջացմանը. Վագինիզմի զարգացմանը շատ հաճախ նպաստում է զուգընկերների միջև հաղորդակցման բացակայությունը: Այսպիսով` Վագինիզմը երբեմն միջանձնային խնդիրների հետևանք է, որն էլ իր հերթին խորացնում է այն: Վագինիզմը բնորոշ է չխոսկան և ներշնչվող աղջիկներին, ովքեր բավականին պատկերավոր ընկալում եմ այն բոլոր պատմությունները որոնք լսում են ։ Շատ հաճախ աղջիկները միասին քննարկում են իրենց առաջին սեռական փորձը, և լսում «զարհուրելի» պատմություն կուսազրկման և արյունահոսությունների մասին, որոնք տեղի են ունեցել առաջին գիշերից հետո։ Բայց պետք է նշել, որ թե ցավը, թե արյան առկայությունը տարբեր մարդիկ տարբեր են ընկալում և ներկայացնում։ Նույն կուսազրկումը կարող է ընթանալ մի քանի կաթիլ արյան առկայությամբ, որը հաճախ կարող է ներկայացվել որպես արյան գետեր և «մահացու» վիճակ։
Կարող է լինել նաև վախ հղիությունից, աբորտներից, դիմացինի կոպիտ վարքից, կամ երբևէ բռնության փորձ տեղի ունեցած լինի, որը կնոջ կյնաքում կարող է հոգեկան վնասվածքների պատճառ դառնալ, որի արդյունքուն կինը կարող է մերժել ցանկացած տղամարդու։ Վագինիզմի դեպքում զույգերը ամուսնանում են, բայց սեռական հարաբերություններ չեն ունենում, տարիներ շարունակ, մինչ սեքսոլոգի կողմից բուժման ենթարկվելը։ Դա կոչվում է կուսական ամուսնություն՝ վիրգոգամիա։ Երբեմն կանայք համաձայն են այլընտրանքային կապերի առկայությանը՝ օրալ, անալ սեքս, բայց ոչ միայն հեշտոցային եղանակով։
Կա վագինիզմի մի քանի աստիճան։ Բարդ դեպքերում միայն այն մտքից երբ կարող է երբրէ ունենալ սեռական հարաբերություն կամ գինեկոլոգիական զննում արդեն իսկ մկանները կծկվում են և նկատվում է անհանգստություն։ Իսկ ավելի թույլ արտահայտված դեպքերում, կանայք կարող են ֆլիրտային կապի մեջ լինել՝ շոյանքներ, քնքշանք, գրկախառնություն, բայց երբ հարցը հասնում է բուն ներհրման գործողությանը , կրկին հեշտոցի արտաքին 1/3-ի մկանները կծկվում են, սեռական ակտը դարձնելով անհնարին։ Ամուսինը նկարագրում է, որ առնանդամը հանդիպում է պատի, որից այն կողմ հնարավոր չի լինում անցնել։
Ինչ անել, երբ կա վագինիզմ.
Այս վիճակը որքան էլ ծանր է կնոջ համար, բայց միևնույն է գրեթե 100% բուժելի է։ Բուժումը իրականացվում է հեշտոցային լայնիչների, հոգեթերապիայի և սեքս թրեյնինգների զուգակցումով։ Պետք է տարվի աշխատանքներ որի արդյունքում կինը իր կամքով պատրաստակամություն կունենա բուժվելու։ Բուժման ընթացքում բժիշկը չի իրականացնում ներզննում և ցանկալի է որ ողջ գործողությունները իրականացնի հենց այցելուն իհարկե բժշկի հսկողության և խորհուրդների ներքո։ Միջինում բուժումը տևում է մեկ ամիս, որից հետո Վագինիզմով կինը կարողանում է ունենալ առանց խնդիրների սեռական հարաբերություններ։