-Ձեր էջը խիստ մասնագիտական է, չեք կիսվում Ձեր անձնական լուսանկարներով և պատմություններով. մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին։
-Էջը մասնագիտական է, այո։ Հնարավոր է՝ խիստ։ Նպատակն է հետևորդներին տրամադրել մատչելի ինֆորմացիա՝ հենց իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ, կիսվել հետաքրքիր դեպքերով և հաջողության պատմություններով, որոնք, իրոք, շատ ոգևորում ու հույս են տալիս նման խնդիր ունեցող զույգերին։
-Իսկ ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը։
-Իմ կարծիքով, բժշկի մասնագիտությունը չեն ընտրում, բժիշկ ծնվում են։ Ծնվել և մեծացել եմ բժիշկների ընտանիքում։ Ինձ համար բժշկի իդեալը եղել է և միշտ կմնա պապիկս՝ բժիշկ Սայադյանը. այդպես էին դիմում նրան՝ թե մեծ, թե փոքր։ Բժիշկ, ով պացիենտներին հիշում էր անուն, ազգանուն, հայրանունով, տարիքով, հեռախոսահամարով և հասցեով։ Բժիշկ, ով պացիենտի կողքին էր՝ գիշեր, թե ցերեկ։ Բջջային հեռախոսի բացակայության պայմաններում միշտ հասանելի էր տան քաղաքային հեռախոսահամարով, իսկ շտապ դեպքերում մինչ շտապ օգնության համարը հավաքելը Նորք Մարաշի բնակիչների համար մեր տան դռան զանգն էր առաջին օգնությանը դիմելու հասցեն։ Մեծանալով նման պայմաններում՝ երբեք չեմ մտածել այլ մասնագիտություն ընտրելու մասին և ոչ մի օր կյանքում չեմ փոշմանել կատարածս ընտրության համար։
-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ որպես կյանքի ընկեր նույնպես ընտրեցիք բժշկի. մտածված էր, թե՞ պատահականություն։
-Ծնվել և մեծանալ բժիշկների ընտանիքում մեծ պատիվ է, երջանկություն և հպարտություն։ Դա նշանակում է օրորոցից լսել բժշկական
տերմիններ, խաղալ բժիշկ-բժիշկ իսկական բժշկական խալաթով, տոնոմետրով և ֆոնենդոսկոպով, ինչպես նաև գիշերներն արթնանալ հիվանդների հեռախոսազանգից կամ դռան զանգից։ Դառնալ բժիշկ և ընտանիք կազմել բժշկի հետ, նշանակում է կրկնապատկել բժշկի ընտանիքի պատիվը, երջանկությունն ու հպարտությունը, միևնույն ժամանակ արդեն որպես բժիշկ, հասկանալով՝ կրկնապատկել դժվարությունները՝ անքուն գիշերներ, լարված ու անհանգիստ օրեր, շաբաթներ, ամիսներ ու տարիներ... մի ամբողջ կյանք։
Որպես կյանքի ընկեր բժշկի ընտրելն, իհարկե, մտածված չէր, երբեք չեմ մտածել թե ինչ մասնագիտություն է ունենալու իմ ապագա ամուսինը։ Իսկ թե ինչպես ստացվեց, հիմա կպատմեմ։ Դե, Բժշկական համալսարանի ուսանողուհին համալսարանի պատերից դուրս գրեթե կյանքը չի պատկերացնում։ Հա, ամառային արձակուրդներին էլ՝ պրակտիկա որևէ կլինիկայում։ Այ հենց այդպիսի հերթական պրակտիկան էինք անցնում 2-րդ կուրսն ավարտելուց հետո՝ Էրեբունի ԲԿ֊ի վիրաբուժական բաժանմունքում։ Լարված վիրահատությունների ընթացքում բժշկական կոլպակի (գլխարկի) և դիմակի արանքից հայացքների հանդիպումից ավելի ռոմանտիկ հանդիպում չեմ պատկերացնում։ Դե իսկ 2-րդ կուրսի ուսանողուհուն վստահել վիրակապությունները և այլ փոքր վիրաբուժական միջամտություններ, որոնք սկսում են կատարել միայն կլինիկական օրդինատուրայի տարիներին, դա արդեն իսկական սեր էր։ Կարծում եմ, շարունակությունն արդեն պարզ է։ Այսօր՝ 17 տարի անց, մենք արդեն 3 տղա ունենք։
-Իսկ որքանո՞վ է օգնում կամ խանգարում այն հանգամանքը, երբ ամուսինները ունեն նույն մասնագիտությունը։ Կոնկրետ դեպքում գինեկոլոգ և վիրաբույժ՝ բավականին ծանր նեղ մասնագիտություններ։
-Բացի հոգեպես և ֆիզիկապես ծանր լինելուց, նաև շատ կենցաղային խնդիրներ են առաջանում, սակայն անփոխարինելի է այն աջակցությունը, որ ստանում ես, երբ գիտես, որ ծանր աշխատանքային օրվանից հետո տանը կարող ես կիսվել պացիենտի վերաբերյալ անհանգստացնող հարցերով և հաջողություններով, քննարկել բարդ ու հետաքրքիր դեպքերը և ստանալ խորհուրդներ։ Երբ գիտես, որ ամուսինդ հասկանում է քո մտահոգությունն ու զբաղվածությունը, պացիենտի հետ կամ նրա մասին նեղ մասնագիտանան քննարկումները և, իհարկե, բժիշկներին բնորոշ հումորն ու անեկդոտները։ Այլ կերպ չեմ պատկերացնում։
-Այ ասացիք, որ 3 տղա ունեք, ինչպե՞ս եք վերեբերվում սեռի պլանավորմանը։
Այսօր այդ հարցը հուզում է ոչ միայն տղամարդկանց, այլ նաև շատ կանանց։
-Կարծում եմ, սեփական օրինակով արդեն իսկ արտահայտել եմ իմ վերաբերմունքը այդ հարցին։
-Եվ վերջում ի՞նչ կմաղթեք կանանց մայրության տոնի առթիվ։
-Սիրելի կանայք, մայրիկներ և ապագա մայրիկներ, վայելեք Աստծո կողմից միայն մեզ տրված այն պարգևը, որ կոչվում է մայրություն։ Մայրն ամենանուրբ, ամենափխրուն, ամենախոցելի և, մինույն ժամանակ, ամենագեղեցիկ, ամենաուժեղ և ամենաերջանիկ էակն է աշխարհում։ Եղեք երջանիկ և, իհարկե, հետևեք ձեր առողջությանը։