Արուսիկ Մկրտչյանի մեկօրյա աշխատանքները՝ հանուն բարեգործության

14/02/2022
Դիտումներ ֊ 829

2022թ. Արուսիկ Մկրտչյանը (DJ Վակցինա) սկսել է պրոդուկտիվ ու գործի դրել իր բոլոր ուժերը, որպեսզի կարողանա օգնել առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաների։

Աշխատանքները տարվում են «Ի գործ» բարեգործական արշավի շրջանակներում։ «Ի գործ»-ի համար Արուսիկը գրեթե ամեն օր նոր մասնագիտություն է փորձում՝ ընդունելով նոր աշխատանքի մարտահրավերները, հաղթահարելով դրանք և ևս մեկ քայլով մոտենալով իր նպատակին։

«Ի գործ»-ի շրջանակներում Արուսիկը 1 օր աշխատում է տարբեր կազմակերպություններում, ձևավորված հասույթը փոխանցում էՀայաստանի երեխաների առողջության հիմնադրամին (HFC Armenia), որն օգնում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին։

 Նախագծի մասին womens.am -ը զրուցել է Արուսիկ Մկրտչյանի հետ և պարզել, թե ինչպես կարող են տարբեր կազմակերպություններ մասնակցել այս բարեգործական նախագծին։

-Ինչպե՞ս առաջացավ «Ի գործ» բարեգործական արշավը սկսելու գաղափարը, ո՞րն էր այն կյանքի կոչելու Ձեր ստիմուլը։

 -Գաղափարը ծագեց հունվարի 10-ին, երբ մտքովս անցավ, որ կարելի է համատեղել օգտակարը հաճելիի հետ։Հաճելին այս դեպքում բարեգործությանը անմիջական մասնակցելը և գումար հավաքելն էր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար։ Օգտակարն էլ այն էր լինելու, որ ես ինքս օգտակար էի լինելու այլ մարդկանց, աշխատելու էի իրենց կազմակերպության համար, տարբեր ոլորտի աշխատանք էի կատարելու՝ սկսած կոշկակարությունից, ավարտած հավաքարարությամբ և մարքեթինգի թրեյնինգներ անցկացնելով։ Նաևգովազդելու էի այդ կազմակերպությունները։ Այսինքն, այս դեպքում բոլոր կողմերը, այսպես ասած, հաղթող էին լինելու և բոլորի համար լավ էր լինելու, ընդհանուր շատ բարի պրոեկտ պետք է սկսվեր և շատ ուրախ եմ, որ հենց առաջին փոսթից հետո, երբ կիսվեցի իմ գաղափարով ու պատմեցի, որ ուզում եմ սկսել նախագիծը, միանգամից շատերը միացան, գործատուներ հայտնվեցին, ում մոտ ես հունվարի 14-ից սկսած գնում են մինչ օրս և ամեն բան շարունակական է լինելու։

Ստիմուլը, բնականաբար, երեխաներին առաջին հերթին օգնելն է, երկրորդը՝ օգտակար լինել ընդհանուր հանրությանը և նաև վերոնշյալ կազմակերպությունների հետ շփումն ու նրանց օգուտ տալը։ Կարծում եմ, միշտ փոխադարձ է, երբ ինչ-որ մեկի համար լավ բան ես անում, ավտոմատ քեզ համար էլ է ինչ-որ առումով լավ հետևանքներ է ունենում դա։ Ընդհանուր առմամբ, դրական պրոեկտ է, որը բոլորին մոտիվացնում է անել ավելին, անել որևէ լավ բան հասարակության այն անդամների համար, ովքեր որևէ խնդիր ունեն կամ քո կարիքն ունեն։

-Արդեն քանի՞ մասնագիտություն եք փոխել ծրագրի շրջանակներում, ո՞րն է եղել ամենաբարդ փորձը։
-Արդեն 14 մասնագիտությունից ավել փոխել եմ: Ամենաբարձր աշխատավարձը, որը փոխանցվել է, եղել է «Արեգի» չրերի գործարանի կողմից, որը կազմել է 100.000 դրամ։ Եվ այդ օրը ես նրանց օգնել եմ այդ չրերի արտադրության աշխատանքներում։ Խնձորի չիր եմ պատրաստել, փաթեթավորում եմ հետագայում արել և շատ հավես է անցել։
-Որքա՞ն գումար է հավաքվել արշավի շնորհիվ և քանի՞ երեխայի է տրամադրվել օգնություն դրա շրջանակներում։
-Արշավի շրջանակներում այս պահի դրությամբ հավաքված է մոտ 1.587350 դրամ։ Բնականաբար, շարունակական է լինելու և այդ գումարը մեծանալու է։ Եվ քանի որ փոխանցվում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին (HFC Armenia), բնականաբար, ես ինքս չեմ որոշելու՝ կոնկրետ ինչ նպատակի պետք է ծառայի գումարը, որովհետև հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը շատ ավելի լավ գիտի իր շահառուների կարիքները։ Այս պահի դրությամբ ինֆորմացիա ունեմ, որ գումարը օգնելու է կոկնկրետ բավականին շատ թվով ասթմա ունեցող երեխաների՝ դեղորայքի գնման հարցում։ Այն դեղորայքն է, որը չի տրամադրվում նրանց և նրանք դրա կարիքն ունեն։ Արդեն գիտեմ, որ պրոցեսը սկսվել է և այդ դեղերի քանակն արդեն պատվիրվել է։ Շատ շուտով հիմնադրամը հայտարարություն կտեղադրի իր էջում և հաշվետու կլինի կոնկրետ քանի երեխայի օգնեց այդ գումարը և կոնկրետ ինչ գնվեց այդ գումարով։
-Նվազագույն և առավելագույն աշխատավարձը, որ ստացել եք ծրագրի շրջանակներում։
-Ինչպես նշեցի, մինչ օրս առավելագույն աշխատավարձը եղել է 100.000 դրամ, նվազագույնն էլ եղել է 35.000դր: Բնականաբար, դրանք այն աշխատավարձները չեն, որոնք տրվում են այդ հաստիքի աշխատակիցներին։ Պարզապես գիտակցելով, որ դա գնում է բարեգործության, դրանք էքստրա աշխատավարձեր են հավելյալ, որոնք կազմակերպությունների կողմից մեծ սիրով տրամադրվում են։ Շատ ուրախ եմ, որ անգամ շատ փոքր կազմակերպություններ դիմում են ու ուզում են մասնակցել։
-Դեպի ո՞ւր են գնում «Ի գործի» աշխատանքները, ո՞րն է Ձեր գերնպատակը։

-Գերնպատակն այս պահի դրությամբ մաքսիմալ շատ գումար աշխատելն է հիմնադրամի համար։ Ի դեպ, ասեմ, որ հետագայում շահառու հիմնադրամը կարող է փոխվել, այսինքն քանի որ «Իգործ» նախագիծը ստեղծվել է, որպեսզի ես ինքս օգտակար լինեմ այս պրոեկտի շրջանակներում տարբեր խմբերի մարդկանց, այս պահի դրությամբ օգնում եմ այդ հիմնադրամին, բայց եթե շատ մեծ գումար կարողանամ հավաքել, ապա դրանից հետո միգուցե փոխենք և օգնենք օրինակ այլ խմբի մարդկանց։
Բայց հիմա, քանի դեռ գումարը շատ մեծ չէ, հստակ կարող եմ ասել, որ գերնպատակը Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին օգնելն է՝ իրենց առողջական խնդիրները ավելի թեթևացնել և փորձել մաքսիմալ աջակցել նաև ֆինանսապես։

-Ինչպե՞ս են ընտրվում այն կազմակերպությունները, որտեղ պետք է անցկացնեք Ձեր մեկ աշխատանքային օրը։

 -Կազմակերպությունները դիմում են առաջին հերթին ինձ Facebook-ում, Instagram-ում կամ գտնում են իմ հեռախոսահամարը և զանգահարում են։ Եթե լինեն ընթերցողներ, ովքեր ևս կուզենան որևէ բանով աջակցել, կարողեն գրել ինձ Facebook-ում, Instagram-ում ուես մեծ սիրով կընդունեմ նրանց առաջարկները։ Երբ կազմակերպության հետ ֆիքսվում է օրը, հասկանում ենք, թե ինչ աշխատանք պետք է կատարեմ, այդ ժամերին, բնականաբար, նաև անում են մաքսիմալ գովազդ այդ կազմակերպության համար, որպեսզի մարդիկ նույնպես ծանոթանան կազմակերպության գործունեությանը և նաև այն աշխատանքին, որը ես այդ պահին կատարում եմ։


Share