Բազմամարդ փարթի Դիլիջանում. ինչպես է անցել Summer music night-ը

18/08/2021
Դիտումներ ֊ 248

Summer music night․ այս խորագիրն ուներ հանգստյան օրերին բազմաթիվ մարդկանց Դիլիջան բերած և մեծ աղմուկ բարձրացրած բացօթյա միջոցառումը, որը հավակնում է դառնալ ամենամյա և մեծամասշտաբ փարթիներ ունենալ Հայաստանի տարբեր մարզերում։ 

Tert.am Life–ը եղել է Դիլիջանում և ներկայացնում է միջոցառման հետաքրքիր դրվագները տեսանյութով և ֆոտոշարքով:

Գաղափարի հիմքում երիտասարդների թիմ է՝ Thea գործակալության և Lusin events-ի հիմնադիրները, որոնք նախընտրում են մնալ կադրից դուրս, բայց միասին մտածել, զարգացրել ու իրականացրել են մի երեկույթ, որն իր շուրջ համախմբել է բազմաթիվ մարդկանց:

Առաջին միջոցառման մասշտաբայնությունն անակնկալ էր նույնիսկ կազմակերպիչների համար․ տոմսերի վաճառքի մեկնարկից տասն օր անց բոլոր տոմսերը սպառվել էին։ Վաղ առավոտից տուրիստական խմբերն ավտոբուսներով ժամանում էին Դիլիջան, քաղաքում տեղ ու դադար չկար, ժամը 16։00–ից բացվեցին համերգային տարածքի դռները։

Մոտ 3 ժամ դիջեյները նվագեցին՝ ապահովելով ներկաների պարային տրամադրությունը, այնուհետև սկսվեց բուն համերգային ծրագիրը։

Կազմակերպիչ–ընկերուհիներն ընտրել էին հենց այն խմբերին, որոնց համերգին իրենք կգնային ու մի լավ կուրախանային՝ «3.33», «Նոպա», «Մի քանի հոգի», «Ռեինկարնացիա»։ Սեփական հետաքրքրությամբ միջոցառում կազմակերպելու միտքն իրեն արդարացրեց․ տարածքը բազմամարդ մնաց նույնիսկ, երբ սկսեց անձրև տեղալ։

Հյուրերը շարունակում էին պարել և վայելել երեկոն, հեռանալու միտք էլ չունեին՝ անկախ եղանակային պայմաններից։

«Գժական տրամադրություն ա», «Եղանակը բացարձակ չի խանգարում», «Կալինինգրադից հատուկ այս միջոցառման համար եմ եկել ու շատ թույն ա անոցնում». այսպիսի կարծիքներ կարելի էր լսել՝ շրջելով հյուրերի միջով:

Կազմակերպիչները նշում են, որ նման արդյունքի հասնելու ճանապարհը հարթ չէր, հատկապես, որ իրենց առաջին փորձն էր,  սակայն 2 ամսում կարողացան հասնել բարձր մակարդակի։

Նրանց նպատակն է խթանել ներքին տուրիզմին, հենց դա է պատճառը, որ միջոցառումը կդառնա ամենամյա։

Ի դեպ, միայն ամառային միջոցառմամբ նրանք չեն սահմանափակվի․ առաջին հաջողությունից այնքան են ոգևորվել, որ տարվա այլ եղանակների հետ կապված ծրագրեր էլ արդեն ունեն։

Share