Մայիսի 15-ը` Ընտանիքի միջազգային օր

15/05/2021
Դիտումներ ֊ 482

Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը (International Day of Families), որը 1993թ. սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Նպատակը հանրության ուշադրության գրավումն է ընտանիքի բազմաթիվ խնդիրների նկատմամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ երբ ոտնահարվում են ընտանիքի հիմնական իրավունքները, նրա միասնությունը հայտնվում է սպառնալիքի տակ:

2011թ. փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով որպես Ընտանիքի օր ամրագրվեց մայիսի 15-ը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորել են նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:

Հանդիսանալով հասարակության հիմնական ինստիտուտներից մեկը և մարդու սոցիալականացման առաջին աստիճանը՝ ընտանիքը զարգանում և փոփոխվում է շրջակա միջավայրի հետ մեկտեղ՝ արձագանքելով ժամանակի հրամայականներին, սակայն այն նաև ձևավորում է այդ պահանջներն ու հրամայականները:

Բոլոր ժամանակներում երկրի զարգացման մասին դատել են հասարակության մեջ ընտանիքի կարգավիճակով և նրա նկատմամբ պետության վերաբերմունքով: Մարդու կյանքը սկսվում է ընտանիքից, այստեղ է նա ձևավորվում որպես քաղաքացի:

Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության և կապվածության աղբյուր է, այն, ինչի վրա կառուցվում է քաղաքակիրթ հասարակությունը, առանց ինչի չի կարող գոյատևել մարդը: Ընտանիքի բարեկեցությունը երկրի զարգացման և առաջընթացի չափանիշ է:

Share