Կախվածությունները ոչ միայն քիմիական նյութերից են լինում. Ի՞նչ կապվածություններ ունեն երեխաները՝ 1 տարեկանից սկսած

29/06/2021
Դիտումներ ֊ 290

Կախվածությունները ոչ միայն քիմիական նյութերից են լինում: Կան նաեւ այսպես կոչված հոգեբանական կախվածություններ, եւ դրանց թվին է պատկանում նաեւ սմարթֆոններից կախվածությունը, որն այսօր առկա է նույնիսկ մեկ տարեկան երեխաների մոտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Միասին կարող ենք» ՀԿ նախագահ Ռուզաննա Երեմյանը:

«Միասին կարող ենք» ՀԿ-ն Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի եւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ միասին իրազեկման դասընթացներ է անցկացրել մայրաքաղաքի 12 դպրոցներում, բայց ոչ թե երեխաների, այլ ուսուցիչների եւ ծնողների համար: Դասընթացները նվիրված էին կախվածությունների կանխարգելմանը, եւ դրանց շնորհիվ մոտ 9000 ծնող եւ 750 մանկավարժ տեղեկացան սոցցանցերում տիրող իրավիճակի, կախվածությունների կոգեբանական կողմերի, մանկավարժի՝ կախվածությունների կանխարգելելու դերի մասին:

«Հասարակության լայն շերտերը չեն առերեսվում իրականության հետ: Ինֆորմացիայի բացակայության պատճառով մենք, չափահաս քաղաքացիներս, մտածում ենք, որ մենք չունենք նման խնդիր: Իրականում շատ լուրջ խնդիրներ ունենք այս ոլորտում, որովհետեւ դեռեւս մեկ տարեկան հասակից մենք մեր երեխաների արհեստականորեն կապում ենք մի երեւույթի հետ, որը կոչվում է սմարթփոն, որը տանում է երեխաներին անձայրածիր մի աշխարհ, կտրում է բնությունից, կտրում է ազատ ապրելու, ազատ մտածելու, ազատ  շնչելու, վայելելու կյանքը հնարավորթյուններից», - ասաց մասնագետը:

Նրա խոսքով, այսօր երեխաները արդեն 6 տարեկանից գրանցվում են Tic-Tok-ում, 7-8-ից՝ սոցիալական այն կայքերում: Մեծահասակները կորցնում են վերահսկողությունը, չեն իմանում, թե ինչ են նայում իրենց երեխաները, ինչ ինֆորմացիա են ստանում համացանցից եւ ինչպես այն կարող է իրենց վրա անդրադառնալ: Ավելին, կախվածություն առաջացնող քիմիական նյութերի մասին ինֆորմացիան երեխաները սովորաբար նույնպես համացանցից են ստանում:

Share